ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնարկել է իր աշխատանքային այցը Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովին։ Համաժողովի պաշտոնական բացման ընթացքում նախարարը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր։
Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության և տրանսպորտային նախագծերի զարգացման հարցեր։
ԵԱՀԿ նախարարական համաժողովը հնարավորություն է տալիս անդամ պետություններին քննարկելու համաշխարհային մարտահրավերները և համատեղ լուծումներ գտնել կոնֆլիկտային իրավիճակներում։ Այդ տեսանկյունից Արարատ Միրզոյանի մասնակցությունն այս համաժողովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի հետ։ Հավանաբար ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալության խոսքով հանդես կգա համաժողովի ընթացքում՝ գոհունակությամբ նշելու կամ ակնարկելու համար, որ միջազգային այս կազմակերպությունը չխանգարեց պաշտոնական Երևանին ձերբազատվել Ղարաբաղյան խնդրից՝ ՀՀ ներկայիս կառավարությանն ազատելով խնդրի հարուցած գլխացավանքից։

