fbpx
Քաղաքականություն

Մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ. Միրզոյան

Օրեր առաջ Ադրբեջանը դիմել էր հերթական սադրանքի՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խնդրանքով անդրադառնալով հարցին, ասաց, որ այդտեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել:

«Իրադարձությունները բավականին միանշանակ են: Մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, և ես պետք է արձանագրեմ, որ նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցը արագորեն հարթվել է, և, ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք բերված են, արձանագրված են, ընդունված են բոլորի կողմից և հանրահռչակված են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր թե ոչ միտումնավոր՝ սա արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքին, որ նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ-ի տարածքում չունի որևէ զինված կազմավորում:

«Մենք գիտենք, որ ԼՂ-ն ունի ՊԲ, և այս միավորման, բանակի անվանումը՝ պաշտպանության, ինքնին հուշում է, որ այս բանակի առաքելությունն ԼՂ հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունը, և այս առաքելությունն այսօր, առավել քան երբևէ, պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների՝ գազն են փակում և այլն: Երբ կվերանան ԼՂ հայության էթնիկ զտումների գոյաբանական վտանգները, այն ժամանակ, կարծում եմ՝ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ: Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա. ես կրկնում եմ՝ ՀՀ անունից կարող եմ ասել, որ մենք այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունենք»,- նշեց ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված:

«Խոսքը, իհարկե, առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է, բազմաթիվ այլ հարցեր: Ինչ վերաբերում է տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքներին, քիչ առաջ վարչապետը նշեց, որ երեկ ենք բառացիորեն հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում. աշխատանքներն ընթանում են: Իհարկե, պետք է խոստովանենք, որ քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին շերտեր և ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են, և կարող եմ հավաստիացնել հերթական անգամ, որ բոլոր թեմաներով, բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն»,- նշեց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ