2025 թվականի նոյեմբերին «Միսս Ֆինլանդ» Սառա Ձաֆցեն հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում։ Լուսանկարը, որտեղ նա աչքերի անկյունները քաշում էր՝ ուղեկցված «չինացու հետ սնվել» մակագրությամբ, համացանցում լայն արձագանք գտավ՝ հատկապես Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Ակնհայտ ռասիստական ժեստը և դրան ուղեկցող խոսքը առաջացրին վրդովմունք ու քննադատություն՝ ոչ միայն Սառայի, այլև ամբողջ Ֆինլանդիայի, ներառյալ Finnair ավիաընկերության հասցեին։
Դեպքի վերաբերյալ կարծիք հայտնեցին Ֆինլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Պետտերի Օրպոն գնահատեց ժեստը «անհիմն ու վնասակար», կրթության նախարարն այն անվանեց «անպատասխանատու»։ Չնայած Սառայի բացատրություններին ու ներողությանը, որ ժեստը կապված էր գլխացավի հետ, իսկ մակագրությունն իր ընկերն էր գրել, հանրային դժգոհությունը չմեղմվեց։ Նրան մեղադրեցին անկեղծ չլինելու մեջ, իսկ որոշ օգտատերեր պահանջեցին վերադարձնել տիտղոսը։
Սկանդալը հասավ նաև քաղաքական դաշտ, երբ երկու պատգամավորներ կրկնեցին Սառայի ժեստը՝ ի պաշտպանություն նրա։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ «Միսս Սուոմի» կազմակերպությունը, երկար քննարկումներից հետո, պաշտոնապես զրկեց Սառա Ձաֆցեին տիտղոսից՝ այն փոխանցելով երկրորդ տեղ զբաղեցրած Տարա Լեհտոնենին։ Այս միջադեպը ոչ միայն ընդգծեց ռասիզմի խնդիրը Ֆինլանդիայում, այլև ցույց տվեց, որ հասարակության ու միջազգային հանրության պահանջները հանրային դեմքերի պատասխանատվության և հարգանքի հարցում գնալով մեծանում են։

