fbpx
Քաղաքականություն

Միտումնավոր խեղել են «Ազատությանը» տրված իմ հարցազրույցը․ Աղաջանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվող պնդմանը՝ կապված հարցազրույցում ասված իր խոսքի հետ։

«Որոշ առցանց հարթակներ, համոզված եմ՝ միտումնավոր, խեղել են «Ազատություն» ռադիոկայանին տրված իմ հարցազրույցը՝ ներկայացնելով, թե ես առաջարկել եմ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։

Հարկ եմ համարում նախ մեջբերել հարցազրույցի այդ հատվածը՝ սղագրությամբ։

— Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակացություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։

— Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել…

— Այդ թվում՝ այդ հարցով։

— Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով:

— Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։

— Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։

Լրագրողի հետ կենդանի հարցուպատասխանի իմաստը հետևյալն է․

Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։

Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։

Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականներ», – գրել է Աղաջանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ