Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կաքյքից։
Նշվում է, որ քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: