Թուրքիայի խորհրդարան է մուտք արվել Շուշիի հռչակագիրը․ ինչո՞ւ հիմա․ Հակոբ Բադալյան

Հրապարակող՝

Թուրքիայի խորհրդարան է մուտք արվել Շուշիի հռչակագիրը․ ինչո՞ւ հիմա․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում խոսել է Էրդողանի վարքագծից ու անդրադարձ կատարել տարածաշրջանում կատարվող իրադարձություններին։

«Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրեց, իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահություն էլ վավերացման համար մուտք է արվել այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որ նախորդ տարի ամռանը Էրդողանն ու Ալիևը ստորագրեցին Շուշի այցի ընթացքում: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություն արձանագրող թղթի մասին է:

Հատկանշական է, որ դրա վավերացումը տեղի է ունենում այժմ: Կարծում եմ, դա ՌԴ հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության փորձ է Էրդողանի Ուկրաինա և Ռուսաստան այցից առաջ:

Թուրքիան փորձում է ստանձնել միջնորդական դեր ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, բայց Մոսկվան դրա հանդեպ ցուցաբերում է անտարբերություն: Կրեմլը «քաղաքավարի» մերժեց Պուտինի թուրքական այցի հրավերը, ասելով, որ կդիտարկեն ապագայում՝ եթե ժամանակացույցը թույլ տա:

Հիմա Էրդողանն ինքն է որոշել Կիև առաջիկա այցից հետո մեկնել Մոսկվա: Այդ ֆոնին հատկանշական է նախօրեին Էրրդողանի խորհրդական Քալընի հերթական հեռախոսազրույցը Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի հետ:

Այս իմաստով հետաքրքիր է նաև Պուտին-Մակրոն կապը: Վերջին օրերին արդեն երկու անգամ տեղի է ունենում նրանց հեռախոսազրույցը: Ֆրանսիան իհարկե խնդիր ունի կանխել Եվրամիության հանդեպ ԱՄՆ-Բրիտանիա գերազդեցության հաստատումը, որ տեղի է ունենում «ռուսական ագրեսիայի» գերսպասում առաջացնելու միջոցով: Մոսկվան էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ մտահոգությունը փորձում է «կապիտալիզացնել» ԱՄՆ հետ բանակցության գործընթացում:

Արդյո՞ք այդ ֆոնին էլ Նահանգները կդիտարկեն Թուրքիայի որոշակի ակտիվացում խթանելու տարբերակը, որպես հակակշիռ», – գրել է Բադալյանը:

Ամենաթարմ