Գարիկ Հովհաննիսյանը հայտնի ֆուտբոլիստ չդարձավ։ Նա, ընդհանրապես, հանդբոլով է զբաղվել։ Բայց առանձնապես ոչ մի բանով աչքի չի ընկել։ Սակայն սպորտի հանդեպ սերը պահպանել է ողջ կյանքում։ Այն նրան օգնել է գտնել իրեն սպորտում՝ մերսող-ֆիզիոթերապևտի ամպլուայում։ Այս ոլորտում Հովհաննիսյանը միշտ մեծ պրոֆեսիոնալ է եղել, նա միշտ պահանջված է եղել ու աշխատել է շատ աստղերի հետ և ոչ միայն ֆուտբոլային աստղերի։
Sports.ru կայքը ներկայացնում է Արարատ Մամբրեյանի հարցազրույցը մերսող Գարիկ Հովհաննիսյանի հետ, որի ձեռքի տակով մի շարք աստղեր են անցել․ Մխիթարյաններից ու Մովսիսյանից մինչև Վիկ Դարչինյան ու Ռոնդա Ռոուզի։
-Ինչո՞վ եք զբաղվել նախքան ֆիզիոթերապևտ դառնալը։
-Ես պրոֆեսիոնալ մակարդակով հանդբոլ եմ խաղացել։ Խաղացել եմ Հայաստանի ու Ուկրաինայի Առաջին լիգայում։ Կարիերաս ավարտելուց հետո մնացի սպորտում։ Նույնիսկ կոշիկի գործարանում մեթոդիստ եմ եղել, որտեղ տարբեր մրցույթներ էի կազմակերպում։ Հետո ընդունվեցի Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Այն ավարտելուց հետո՝ 90-ական թվականներին հայտնվեցի լեգենդար Երևանի «Արարատում»։
-Քանի՞ տարեկան էիք։
-38 տարեկան էի։ Այն ժամանակ «Արարատում» լավ թիմ էր հավաքվել։ Թիմում հանդես էր գալիս Համլետ Մխիթարյանը։ Այն ժամանակ Հենրիխի հայրը մարզավիճակի գագաթնակետին էր, հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում։ Մենք հիանալի կոլեկտիվ ունեինք։ «Արարատում» աշխատել եմ մինչև 1996 թվականն ու տեղափոխվել Երևանի «Փյունիկ»։ Հետո երկու տարի այնտեղ աշխատելով՝ տեղափովել եմ Բեյրութ։
-Ինչպե՞ս ստացվեց։
-Ուզում էի կյանքում ինչ-որ բան փոխել։ Ուղարկեցի ռեզյումես ու լիբանանյան «Ան-Նեժմե» թիմից ինձ հրավիրեցին։ Նրանք ինձ աշխատանք առաջարկեցին․ շատ էին ուզում ինձ իրենց մոտ տեսնել։ Ես թիմի գլխավոր բժիշկն էի, թերապևտն ու մերսողը։ Անում էի ամենը, ինչը կապված էր վնասվածքների ու ցավերի հետ։ Հասկանում էի վնասվածքներից ու մասնակցում վերականգնողական գործընթացներին։
-Այդ ժամանակ Խորհրդային Միության փլուզումից հետո շատերի համար էին դժվար ժամանակներ։ Դուք ինչպե՞ս մնացիք ֆուտբոլում։
-Ես Հայաստանի առաջին հավաքականում էի, որը կազմավորվեց ԽՍՀՄ-ից հետո։ Ես այնտեղ հայտնվեցի Երևանի «Արարատից»։ Մեզ մոտ հիանալի թիմ էր հավաքվել։ Էդուարդ Մարկարովը գլխավոր մարզիչն էր։ Հավաքականի կազմում այնպիսի մարդիկ էին, ինչպիսիք են Համլետ Մխիթարյանը, Պողոս Գալստյանը, Սարգիս Հովսեփյանը, Արմեն Շահգելդյանը, Հարութ Վարդանյանը, Վարդան Խաչատրյանը, Աշոտ Խաչատրյանն ու այլք։
-Հիշո՞ւմ եք Հայաստանի հավաքականի պատմության առաջին խաղը։
-Դա 1994 թվականին էր, մենք մեկնեցինք Ֆրանսիա ու հանգրվանեցինք տեղի ֆրանսիական բազայում։ Մեր առաջին պաշտոնական խաղը Բելգիայի ընտրանու դեմ էր։ Ֆրանսիայից գնացքով հասանք Բելգիա։ Հիանալի ժամանակներ էին։ Շատ հետաքրքիր էր։
-Ինչպե՞ս խաղացիք։
-0-2 հաշվով պարտվեցինք։ Մենք շատ հետաքրքիր անհատականություններից կազմված ուժեղ ու տաղանդավոր հավաքական ունեինք, տղաները տեխնիկապես լավ պատրաստված էին, բայց փորձը չհերիքեց։
-Անձամբ ճանաչել եք Հենրիխ Մխիթարյանի հորն ու լավ ծանոթ եք հենց Հենրիխի հետ։ Նրանցից ո՞վ էր ավելի ուժեղ։ Հայկական ֆուտբոլի տարիքով երկրպագուներից շատ եմ լսել, որ Համլետը ֆիզիկապես ավելի արագ ու ուժեղ էր, քան Հենրիխն է։
-Դժվար է համեմատել Համլետի ժամանակների ու այժմյան ֆուտբոլը։ Բայց այդպես էլ կա, Համլետը հարձակվող էր, նա հանդես էր գալիս 11 համարի ներքո ու ֆիզիկապես շատ ուժեղ էր, երբ արագություն էր հավաքում, նրան կանգնեցնել չէր լինում։ Հենրիխն էլ երբեմն այդպես է խաղում, երբ վերցնում է գնդակն ու ընդառաջ գնում մի քանի մրցակցի։ Բայց ֆիզիկական տվյալներով ու արագությամբ Համլետը հիանալի մարզիկ էր։
-Կպատմե՞ք Հենրիխ Մխիթարյանի հետ ընկերության մասին։
-Նրան մանկուց գիտեմ, դեռ այն ժամանակվանից, երբ փոքր տարիքում մայրը նրան ֆուտբոլի էր տանում։ Մոր շնորհիվ նա այսպիսի ֆուտբոլիստ դարձավ, Մարինան նրան ոտքի հանեց, եթե նրա փոխարեն այլ ծնող լիներ, հավանաբար, ամեն ինչ այլ կլիներ։
-Նա ուզում էր, որ Հենրիխը շարունակի հոր գործը, որպեսզի նրա հիշատակն ապրի, թե՞ իր որդու համար ֆուտբոլից բացի ոչինչ չէր տեսնում։
-Հենրիխը մանկուց սիրում էր ֆուտբոլ։ Եթե երեխան ֆուտբոլ չսիրի, չես կարող նրան ստիպել սիրել այն ու խաղալ։ Հենրիխը մեծ ուրախությամբ էր ֆուտբոլով զբաղվում։ Արաս Օզբիլիսն ու Էդգար Մանուչարյանն էլ են տաղանդավոր տղաներ, բայց Հենրիխն աշխատասեր է։ Նա միշտ հասել է իր ուզածին։ Շատ լավ եմ հիշում, երբ Մոուրինյուն Հենրիխին ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում դաշտ դուրս չէր բերում, նա անհատական մարզումներ էր անցկացնում ու նորից իր մակարդակին վերադարձավ՝ չնայած հոգեբանական առումով նրա համար դժվար էր։