Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Facebook-յան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամանորին Երևանում կատարվող տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին:
«Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյոք արժե՞ր Ամանորին այդքան ծախս անել»,-ասաց վարչապետը։
Նա մանրամասնեց, որ 2019 թ.-ի դեկտեմբերի 26-ից 2020թ.-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում:
«Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում․ ամենամեղմ հաշվարկների արդյունքով՝ այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում նվազագույն հաշվարկներով գեներացվելու է մոտավորապես 325 միլիոն դրամի հարկ: Այսինքն՝ այս 9 միլիարդ դրամի փոքր ձեռնարկությունները, առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները, փոքր ձեռնարկությունները և այլն, վճարելու են 325 միլիոն դրամի գարկ: Այն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի»,-հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառությունից շուրջ 4 միլիարդը կատարվել է ՀՀ մարզերում։
«Արագածոտնում ապահովել է 268 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, Արարատի մարզում՝ 254 միլիոն դրամի, Արմավիրի մարզում՝ 1 միլիարդ 777 միլիոն դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 228 միլիոն դրամի, Լոռու մարզում՝ 249 միլիոն դրամի, Կոտայքում՝ 416 միլիոն դրամի, Շիրակում՝ 342 միլիոն դրամի, Սյունքիում՝ 124 միլիոն դրամի, Վայոց ձորում՝ 108 միլիոն դրամի, Տավուշում՝ 79 միլիոն դրամի»,-ներկայացրեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այդ գույմարը գնացել է նաև փոքր կրպակներին, ինչի միջոցով աշխատանք ունեցող մարդկանց, փոքր բիզնես ունեցող մարդկանց օգնել են, որ նրանք հավելյալ եկամուտներ գեներացնեն:
«Բացի դա, դաշտ ենք ստեղծել, որպեսզի մեր այն կոչը մեր հայրենակիցներին, որ նրանք էլ որոշակի գործարար գաղափարներ դնեն իրենց պլաններում և գործեն դրանց համաձայն, ունենա կոնկրետ հիմնավորում, կոնկրետ քաջալերանքի օրինակ: Մենք յուրաքանչյուր ծախսը պետք է կազմակերպենք այնպիսի մեծ շրջագծով, որպեսզի դա հնարավորինս մեծ թվով մարդկանց օգուտ տա, և որ շատ կարևոր է՝ այդ ծախսի արդյունքում պետական բյուջեի ծախսված գումարը վերադառնա պետական բյուջե: Ըստ էության ստացվեց, որ մենք 0 լումայի կորուստ ունենալով՝ ՀՀ-ում ապահովեցինք 9 միլիարդ 325 միլիոն դրամի առևտրաշրջանառություն»,-ասաց նա։
Վարչապետը նաև նշեց, որ սա է տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման իրենց տրամաբանությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ԱԺ-ում կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին առնչվող հարցերին ու սպանդանոցների թեմային: