ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։ Գևորգյանը հայտարարել էր, թե Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, սակայն վերադասի կողմից տրվել է չկրակելու հրահանգ։ Այս հայտարարությունը լայն արձագանք է ստացել, և Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը այն որակել է որպես ապատեղեկատվություն։
Թորոսյանը նշել է, որ Գևորգյանը ԶՈւ-ում «անփառունակ ծառայությամբ աչքի ընկած անձ» է և նրա հայտարարությունը համարել է ՀՀ-ի և պետական ինստիտուտների դեմ ուղղված տեղեկատվական գրոհի ձախողված փորձ։ Նա ընդգծել է, որ պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն այս հայտարարությունը և դիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորությունը։

