Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը:
Շնորհակալություն հայտնելով ընձեռնած հնարավորության համար՝ Ա.Պետրոսյանը նշել է, որ նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Նա կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման անհրաժեշտությունը:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր խոսքում նույնպես շեշտել է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը:
Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։