fbpx
Կառավարություն

Հայաստանի ու ԵՄ-ի միջև նախատեսվում է ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր` փետրվարի 10-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Աղբյուրը ներկայացրել է Կառավարության նիստի կարևոր դրվագները, որը ներկայացված է ստորև։

«Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Օրինագծով,մասնավորապես, առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ դրանով սոցիալական խնդիր է լուծվում. «Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարձրացվում են դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները։ Այստեղ էլ ենք ստանդարտ սահմանում: Դուք գիտեք, որ նման հարցերը շատ զգայուն են և ունեն հանրային զգայունություն: Երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, այդ համակարգը որքան նրանց համար ենք ստեղծում, այնքան էլ՝ ձեզ համար: Մենք դա անում ենք, որ հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի քաղաքացիներին»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում դատական, դատաիրավական բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել և ձեռքբերումներ կան: Մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն առաջատար երկիր է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ անկախ դատական համակարգ ունենալու առումով: «Կարծում եմ, որ այս որոշումը, այո, ունի սոցիալական իմաստ, այս որոշումն ունի Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչելու իմաստ, այս որոշումն ունի արդարադատության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կայացնելու իմաստ և հետևաբար՝ այս որոշումն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արդարադատությունը, իրոք, հասանելի դարձնելու և իրոք արդյունավետ գործիք դարձնելու իմաստ: Հետևաբար՝ սա նաև կարևոր քաղաքական որոշում է»,- նշել է գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձացումներ. «Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանք, բոլորը գիտեն: Հետևաբար՝ այս կամքը մենք պետք է ցուցաբերենք: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի մեր երկրում փրկարարից սկսած ստանան բարձր աշխատավարձ: Եվ սա մեզ համար քաղաքական նպատակ է: Իսկ այս ճանապարհին հատկապես արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը շղթայորեն բոլորի բարեկեցության վրա ազդող գործոն է»:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք տվող՝ ՀՀ-ում բնակվելու պայմանը, այն փոխկապակցելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու փաստի հետ: Առաջարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստացող անձանց համար սահմանել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների իրավունքի իրացման հավասար պայմաններ, բացառելով հատուցում ստանալու ժամանակահատվածում հատուցման դեպքի հիմքով հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: Նախատեսվում է սահմանել, որ աշխատանքային կենսաթոշակների (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար օրենքով սահմանված՝ համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները չեն կարող լինել ավելին, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: Նախատեսվում է նաև այն դեպքում, երբ մահացած կերակրողն ունի 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նրա ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացած կերակրողի փաստացի զինծառայության ստաժի հետ: Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում կսահմանվի զինվորական կենսաթոշակի նվազագույն չափ՝ օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երակարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Միևնույն ժամանակ կկարգավորվեն նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձևերի և լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաև մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ընդերքօգտագործման իրավահարաբերությունների հանրային-իրավական բնույթը և ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, իրացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, նախագծով նախատեսվում է, որ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ:

Հաստատվել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը. դրանց ցուցադրումը ևս վաճառքի կետերում կարգելվի

Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայում շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Քանի որ թեման շատ կարևոր է, նախ եկեք արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է սպասվում առաջիկայում: Նախ՝ հունվարի 1-ից մենք արգելել ենք առևտրի կետերում, խանութներում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Ընդհանրապես՝ ծխախոտի գովազդ մարդիկ չպետք է տեսնեն առևտրի կետերում և հանրային վայրերում: Մենք համոզվա՞ծ ենք, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո, իրականացվում է: Պարոն Ասոյան, ի՞նչ տեղեկություններ ունեք սրա հետ կապված»:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով. «Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծերով ստացվող որոշ ահազանգեր: Այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցները կիրառման փուլում են դեռևս, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը և օրենքի պահանջը: Նաև հատուկ նշեմ, որ բարձր տուգանքներ են նախատեսված խախտումների համար, որոնք վերաբերում են ցուցադրումից սկսած մինչև տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Եվ դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է: Երեք տեսչական մարմիններ են ներգրավված գործընթացի վերահսկման աշխատանքներում, նաև ոստիկանությունը որոշ գործառույթներ ունի»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ բոլոր այդ տիպի նորարարական փոխարինիչների համար հարկային կարգավորումներ պետք է լինեն: «Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով և նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաև թեթև հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ Էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում և շուտով կներկայացնենք նաև հարկային մասով լրացվող առաջարկություն»,-ասել է նախարարը:

Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է. «Շատ կարևոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում և այս ճանապարհով գնում ենք առաջ: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում և՛ ավանդական ծխախոտը, և՛ ծխախոտային փախարինող արտադրանքները: Եվ, այո, շատ կարևոր է նաև, որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն և պատշաճ ձևով հարկվեն: Եվ սրա ամենակարևոր նպատակը մեր հանրային առողջության պահպանությունն է»:

Մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Արդյունքում՝ կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով: «Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում կառավարության 2005 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը: Այս չափորոշիչներով առաջնորդվելը ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը: Ներկայացված նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ»,- ասել է նախարարը՝հավելելով, որ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. սեպտեմբերի 1-ը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թե սպորտի, թե հանրակրթության բնագավառում Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չեն գործում: «Հարցը շատ կարևոր է և դարձյալ ինստիտուցիոնալ կայացման հետ առնչություն ունի, որովհետև, երբ մենք առավել ևս հանրակրթության կամ մարմնակրթության, կրթության ոլորտին ենք անդրադառնում, մեծ հաշվով կապ չունի, թե այդ կրթօջախն ում ենթակայության տակ է՝ այդ կրթօջախները պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն: Այսինքն՝ մենք չենք կարող սպորտի, մարմնակրթության բնագավառներում, հանրակրթության ոլորտում ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն: Որոշումը նաև մարզադպրոցների աշխատանքն այս իմաստով կանոնակարգելու նպատակ ունի, որը նաև իր հետ բերում է նաև որոշակի պահանջներ, որոշակի ստանդարտներ, այդ թվում՝ այնտեղ աշխատանքի ներգրավվող մասնագետներին առաջադվող պահանջների մասով: Շատ կարևոր է, որ այս ստանդարտիզացիան տեղի ունենա, որպեսզի միասնական քաղաքականություն իրականացնենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս որոշումն ընդունելուց հետո համայնքները և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատեն համայնքերի հետ սուբենցիոն ծրագրերում մարզադպրոցները ներգրավելու համար. «Քննարկենք և գուցե անհրաժեշտություն լինի հատկացվող գումարները և տոկոսային մասնաբաժինները մեծացնել նաև այս առումով, որ մենք հասցնենք մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՈԱԿ հանդիսացող մարզադպրոցները բերել պատշաճ մակարդակի»:

Միջազգային համագործակցություն. Հայաստանի, ԵՄ և դրա անդամ պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի

Հավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։

Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծին: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Մինչ այս համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ.-ին ստացվել է 1446 ռեադմիսիոն հայց՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թ.-ին ստացվել է 1030 հայց՝ 2045 անձանց մասին, 2019 թ.-ին 870 ռեադմիսիոն հայց՝ 1656 անձանց մասին, իսկ 2020 թ.-ին 691 ռեադմիսիոն հայց՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թ.-ին 760 ռեադմիսիոն հայց՝ 1328 անձանց մասին։

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը: Համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է` կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար: Այն հնարավորություն կընձեռի Հայաստանի և Ուկրաինայի ուսումնական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը և փոխհամագործակցության ընդլայնմանը: Փաստաթղթի շրջանակում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, իրականացնել ուսանողների և հետազոտողների համար նախատեսված կրթաթոշակային փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախագծեր, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Համագործակցությունը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ բարձրագույն կրթության միջազգայնացման համար և կնպաստի Հայաստանի բուհական համակարգի վարկանիշային հեղինակության բարձրացմանը միջազգային հարթակներում:

Կապահովվի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման և հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոնին անհրաժեշտ գնման գործընթաց կազմակերպելու առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվի ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը: Ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսերով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար: Անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, մասնավորապես համապատասխան պայմաններին բավարարող կենտրոն, որը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն, խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին հետևյալ ոլորտներում՝ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների, իսկ վտանգված սփյուռքյան համայնքներից արտակարգ իրավիճակների հետևանքով զգալի ներգաղթի դեպքում առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն: Բարձրացվող հարցերին համապատասխան լուծումներ գտնելու համար կսահմանվի հստակ ժամկետ, փոխգործակցություն պետական ու հասարակական մարմինների միջև: Ըստ այդմ՝ՀՀ վարչապետի աշխատակազմին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպությունից գնել սպասարկման ծախսերը, ինչը հնարավարություն կտա պատշաճ իրականացնել կենտրոնի տեխնիկական սպասարկման աշխատանքները և ապահովել դրանց իրականացման անընդհատությունը՝ հայրենադարձության գործընթացի ժամանակ առաջացած և հրատապ համարվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու, «մեկ պատուհանի սկզբունքով» աշխատելու ընթացքում:

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրը բավարարել է «Դուստր Մարիաննա»ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտանությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է խտացրած կաթի ֆիլտրման UF և NF, կաթի խտացման, չորացման համակարգերի, գոլորշի արտադրող կաթսայի համար 1.5 մլրդ դրամի ներդրում, ինչպես նաև 105 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում (նոր արտադրամասում) ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.7 մլրդ դրամ:

Կառավարության որոշմամբ թույլատրվել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել նաև «Սթոուն Լենդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է կառուցել բետոնախառնիչային հանգույց ժամում 135խմ հզորությամբ, որը արտադրելու է տարբեր ապրանքանիշերի բետոն ժամանակակից տեխնոլոգիաներով, օգտագործվող նյութերի գերճշգրիտ համամասնությամբ, ավտոմատացված եղանակով։ Ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների ընդհանուր չափը կազմում է 1.3 մլրդ դրամ, որից 619.5-ն արդեն իսկ իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել ցանկով ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ` մինչև 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 969.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 116.6 մլն դրամ:

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեության ապահովմամբ, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2021 թ. իրականացված աշխատանքների համար 12 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացնել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին: Կենտրոնի գործունեությունը միտված է բարձր տեխնոլոգիական ոլորտում համապատասխան կրթությամբ բարձրորակ մասնագետների տեղում և առցանց եղանակով պատրաստմանը, որակյալ աշխատուժի աճի պահպանմանն ու զարգացման խնդիրների լուծմանը: Ծրագրի հիմնական նպատակներից է մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկայում մրցունակ տեղական ԲՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը: Կապահովվի Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեությունը՝ շուրջ 550 մասնակիցներով, տեղում և հեռավար եղանակով, տարբեր փուլերի ու մակարդակների առնվազն 60 կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացների, ինչպես նաև տարբեր սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը», – ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ