Նախատեսվում է վերածնել տիեզերական հետազոտությունների ավանդույթները

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տիեզերական գործունեության մասին» և հարակից օրենքների մասին օրինագծերի քննարկման ժամանակ Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսում են վերածնել տիեզերական հետազոտությունների ավանդույթները, որ կորցրել ենք խորհրդային ժամանակներից։

Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով, մասնավորապես, նախատեսված է մինչև 2030 թվականը հարկային արտոնություններ տրամադրել այն ընկերություններին, որոնք ցանկացել են զբաղվել տիեզերական գործունեությամբ Հայաստանի տարածքում։

«Բացի այդ, գործունեության այս տեսակով զբաղվելու համար նախատեսվում է կիրառել ընկերությունների արտոնագրման գործընթաց, ինչի համար վերջինները պետք է վճարեն տարեկան պետական տուրք 10 մլն դրամի չափով»,-ասաց Արշակյանը։

Նախարարը նշեց, որ այժմ վարվում են բանակցություններ մի քանի ընկերությունների հետ հանրապետությունում արբանյակների արտադրման, դրանց ատեստավորման համար։ Փաստաթղթում ներկայացված են նաև պահանջները վթարների դեպքում։

Բացի դրանից՝ նա ընդգծեց, որ ոլորտում զբաղված ընկերությունների գործունեությունը պետք է ապահովագրվի բոլոր տեսակի ռիսկերից։

«Տիեզերական օբյեկտների շահագործման հանձնումը մեկ օբյեկտից մյուսին պետք է համաձայնեցվի»,-հավելեց նախարարը։

Արշակյանն ընդգծեց նաև, որ տիեզերական հետազոտությունների ոլորտն աշխարհում զարգանում է ակտիվ տեմպերով, իսկ տարեկան շրջանառությունը գերազանցում է 250 մլրդ դոլարը։ Պաշտոնյան առանձնակի ուշադրություն է հատկացրել փոքր տիեզերական օբյեկտների անհրաժեշտությանը, որոնք կարող են տեղակայվել ոչ մեծ բարձրություններում, ինչն անհրաժեշտ է տարբեր ոլորտների ուսումնասիրման համար, ինչպիսին են գյուղատնտեսությունը, երկրաբանությունը, պաշտպանական ճյուղը, կապը, հետախուզությունը և այլն։

«Տիեզերական գործունեությունը Հայաստանում կարգավորվել է միջազգային նորմերի հիման վրա։ Բայց հիմա առաջ է եկել հարցի լուծման անհրաժեշտություն օրենսդրական մակարդակով։ Ոլորտի զարգացումն ինքնըստինքյան հանգեցնում է նաև այլ հարակից ճյուղերի աճին։ Փաթեթի նպատակն է տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացումը, ինչպես նաև պետական անվտանգության ամրապնդումը և միջազգային համագործակցության զարգացումը»,-հավաստիացրեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում ոլորտն ակտիվ զարգանում էր, ինչի մասին վկայում են տիեզերական հետազոտությունների թանգարանի նմուշները, որը Երևանում կառուցվող Ինժեներական թաղամասի մոտ է։

Բավական երկարատև քննարկումներից հետո պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին։

Ամենաթարմ