Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ հրաժարականի որոշում կայացրել է հանուն երկրի կայունության։
«Իմ որոշումը, որն ընդունվել է այս տարի, ճիշտ, նորմալ որոշում է հանուն պետության կայունության, հանուն ապագայի, հանուն քաղաքականության հաջորդականության, որը ես վերջին 30 տարում իրականացրել եմ»,- ասել է Նազարբաևը երկրի խորհրդարանի սենատի (վերին պալատի) լիագումար նիստում։
Նուրսուլթան Նազարբաևը պատմել է տարբեր երկրների՝ լիազորությունները վայր դնելու իր որոշմանը ղեկավարների արձագանքի մասին: Այս մասին տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Երբ ես որոշեցի դադարեցնել լիազորություններս, պետությունների բոլոր ղեկավարներից նամակներ և հեռախոսազանգեր ստացա։ Ես ինքս էլ զարմացա, որ նման արձագանք եղավ։ Հենց արձագանքն այն բանի, որ մենք նորից բոլորին ցույց տվեցինք, թե ինչպես պետք է լուծել իշխանության փոխանցման հարցերը։ Այսինքն՝ ամեն ինչում ժողովրդական իմաստությունը պետք է երևա»,- ասել է Նազարբաևը։ Առաջին նախագահը նշել է, որ Ղազախստանի գլխավոր խնդիրը տեխնոլոգիապես և գիտության ոլորտում հետ չմնալն է մյուս երկրներից։
«Ես երախտագիտություն եմ հայտնում ձեզ։ Ես կգամ սենատ, կհայտնեմ իմ կարծիքը, եթե դրա կարիքը լինի, միասին կխորհրդակցենք»,- ավելացրել է Նուրսուլթան Նազարբաևը։ Նա Ղազախստանի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 19-ին։
Ղազախստանը ղեկավարելով գրեթե 30 տարի՝ Նազարբաևը նախագահի լիազորությունները վայր դրեց մարտին։ Պետության ղեկավար դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի սենատի (վերին պալատի) նախագահն էր։ Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի կունենան հունիսի 9-ին։ Նախագահի թեկնածու է գրանցվել յոթ մարդ, այդ թվում Տոկաևը։