Կիրակի Նեպալում հնդիկ ուխտագնացներով ավտոբուսն անդունդն է ընկել: Հայտնի է, որ կա 14 զոհ, 18 վիրավոր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ուխտագնացները վերադառնում էին տուն Բխագվաթի աստվածուհու տաճարն այցելելուց հետո, երբ ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել անդունդը:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ հեռավորության վրա:
Դեպքի առթիվ անցկացվում է հետաքննություն:
Ոստիկանությունում հայտնել են, որ ավտոբուսը սահել է հորդառատ անձրևի հետևանքով: Բացի դրանից՝ ճանապարհի այդ հատվածը վատ տեսանելի էր:
Իրավապահները չեն բացառել նաև մեխանիկական անսարքության հավանականությունը: Ավելին, նրանք տեղեկացրել են, որ ավտոբուսն այդ տարածքից չէր, և վարորդը գուցե և անծանոթ էր այդ ճանապարհին: