Ներկայացվել են «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովի արդյունքները

Սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 8-13-ը Լոնդոնում «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին՝ իրենց և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի մասնակցության վերաբերյալ:

Համաժողովում քննարկվել են լրագրողների անվտանգությանը, կեղծ լուրերի տարածմանը վերաբերող հարցեր, որոնք, ըստ Գայանե Աբրահամյանի, ողջ աշխարհի կողմից որակվում են որպես ազգային և պետական անվտանգության ու ժողովրդավարության դեմ ուղղված խնդիրներ:

Միջոցառման ընթացքում մտագոգիչ է համարվել աշխարհում լրագրողների պաշտպանության հարցը. ընդգծվել է, որ 2018 թվականին կրկնապատկվել են վերջիններիս հանդեպ տեղի ունեցող բռնությունները: Որպես ամենասարսափելի դեպք՝ բարձրաձայնվել է Հրանտ Դինքի սպանությունը՝ այն որակվելով ոչ թե լրագրողի աշխատանքի խոչընդոտման և լրագրողի դեմ ուղղված սպանություն, այլ ազգային խտրականություն:

Բանախոսի խոսքով՝ համաժողովում նշվել է, որ ամենից շատ ազատազրկման ենթարկված լրագրողներ կան Ադրբեջանում, Թուրքիայում, Հունգարիայում և Ռուսաստանում:

Ըստ Գայանե Աբրահամյանի՝ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենթը շեշտել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մեդիայի և խոսքի ազատության բնագավառում:

Քննարկումներ են եղել նաև կեղծ լուրերի տարածմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Աննա Կոստանյանը ներկայացրել է միջոցառման ընթացքում տեղի ունեցած սեմինարների գաղափարախոսությունը. այն է՝ 13 երկրների կողմից ներկայացված պատվիրակությունները՝ յուրաքանչյուրն իր պետությունում, պետք է ձեռնամուխ լինի լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքի նախագծի ստեղծմանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն առանձին հանդիպում-քննարկումներ են ունեցել նաև տարբեր երկրների խորհրդարանականների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Աննա Կոստանյանի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթի վերականգնման հարցը: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականը կարևորել է ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը թե՛ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման, թե՛ երկու երկրների միջև մշակութային փորձառության փախանակման տեսանկյունից:

Աննա Կոստանյանը կարևոր է համարել Հայաստանի՝ Եվրոպայի կողմից ստեղծված Գրաքննության ցուցանիշ հարթակին միանալը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ամենաթարմ