fbpx
Հասարակություն

Ներկայանալու փոխարեն «Վալլեքս»-ից նամակ են ուղարկել Հանրային բնապահպանական դատարան

Ինչպես հայտնի է, այսօր Հանրային բնապահպանական դատարանը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստին հրավիրված են եղել նաև հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները, բայց նրանք որոշել են նամակով պատասխանել:

«ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք.

Մենք բարձր ենք գնահատում Ձեր մղումը կազմակերպվող հանրային քննարկմանը բոլոր կողմերի ներգրավվածությունն ապահովելու և շնորհակալ ենք մեր տեսակետն այդ քննարկման շրջանակներում հայտնելու հնարավորություն տալու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը կառուցվել և գործարկվել է առավելապես «Վալլեքս» խմբի ընկերությունների մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, այդուհանդերձ ներկայում մենք որևէ իրավասություն չունենք «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից հանդես գալու և մեկնաբանելու ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային վերաբերող խնդիրները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հիմնական փուլն իրականացվել է «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարման պայմաններում։

Ինչպես հավանաբար Ձեզ արդեն հայտնի է մեր պաշտոնական հաղորդագրություններից, լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին, և մեր գնահատմամբ` դա արել է ոչ իրավաչափ ճանապարհով։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։

Հուսով ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նաև ներկա սեփականատիրոջ օրոք կշարունակի շահագրգիռ հանրության հետ թափանցիկ աշխատանքի «Վալլեքս» խմբի ձևավորած ավանդույթները և պատշաճ կարձագանքի Ձեր հրավերին»,- ասված է պատասխան նամակում։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ