Սաուդյան «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հողատարածք է ձեռք բերել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։ Այս մասին հայտնում է The Miami Herald-ը։
Մայամիի ափերից մեկին գտնվող հողատարածքի գնման համար բրազիլացին 26 մլն դոլար է վճարել։
Նշվում է, որ տեղանքին կցված է նաև 3,962 քառակուսի մետր առանձնատան համար հաստատված հատակագիծը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Նեյմարը կարող է հեռանալ Սաուդյան Արաբիայից և տեղափոխվել «Ինտեր Մայամի», որտեղ արդեն խաղում են «Բարսելոնայում» նրա նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։ 2023 թվականի հոկտեմբերին բրազիլացին խաչաձև կապանների պատռվածք է ստացել և մեկ տարի բաց թողել՝ խաղադաշտ վերադառնալով միայն 2024 թվականի հոկտեմբերի 19-ին։
Նեյմարը «Ալ-Հիլալում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 6 հանդիպում, դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: