Լոս Անջելեսում 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Նիկոլաս Բրենդոնը, որը լայն ճանաչում էր ստացել «Բաֆֆի՝ վամպիրների որսորդը» հանրահայտ հեռուստասերիալում Քսանդեր Հարիսի դերակատարմամբ։ Ընտանիքի հայտարարության համաձայն՝ դերասանը մահացել է քնի մեջ՝ բնական պատճառներով։
Բրենդոնը հեռուստատեսային պատմության մեջ մնաց որպես այն դերասանը, որը վերաիմաստավորեց «նյորդի» (nerd) կերպարը՝ դարձնելով այն ավելի մարդկային, խոցելի և սիրելի։ Իր դերասանական կարիերայից զատ, նա ակտիվորեն համագործակցում էր Ամերիկայի կակազության հիմնադրամի հետ՝ օգնելով բազմաթիվ մարդկանց հաղթահարել խոսքի խանգարումները։ Վերջին տարիներին Բրենդոնը զբաղվում էր գեղանկարչությամբ և արվեստով, ինչը, ըստ հարազատների, նրա համար դարձել էր ինքնարտահայտման կարևորագույն միջոց։
Չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ մասնավորապես սրտի բնածին արատին և ողնաշարի հետ կապված բարդություններին, Բրենդոնը պահպանում էր լավատեսությունը։ Դերասանի մահվան լուրից հետո նրա նախկին գործընկերները՝ այդ թվում Էլիսոն Հեննիգանը և Էմմա Քոլֆիլդը, հուզիչ հրապարակումներով հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ շեշտելով նրա անմիջականությունն ու բարությունը։

