Հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանն առաջին անգամ հրապարակավ խոսել է երաժիշտ Քիթ Ուրբանի հետ ամուսնալուծության մասին: 58-ամյա դերասանուհին Variety ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ 2026 թվականը սկսում է դրական տրամադրվածությամբ՝ կենտրոնանալով իր ընտանիքի և կարիերայի վրա: Զույգի ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է հունվարի 6-ին, իսկ դատական համաձայնագրով երեխաների խնամակալությունը հիմնականում վերապահվել է Քիդմանին:
Անդրադառնալով անցած տարվան՝ Քիդմանը խոստովանել է, որ այն բավականին լուռ ու մեկուսացված է անցկացրել՝ կենտրոնանալով անձնական փոփոխությունների վրա: Նա ընդգծել է, որ իր համար գերխնդիրը ընտանեկան կապերի պահպանումն է, չնայած Ուրբանի հետ ամուսնալուծությանը: «Ես գոհ եմ իմ ընտանիքից, և մենք շարունակում ենք մնալ միասնական»,- նշել է դերասանուհին՝ հավելելով, որ այլ մանրամասներ հարգանքից ելնելով չի քննարկի:
Ներկայումս Քիդմանը զբաղված է մի շարք նախագծերով, այդ թվում՝ «Scarpetta» սերիալի և «Գործնական մոգություն 2» ֆիլմի նկարահանումներով: Դերասանուհին նշել է, որ այս փուլում իր ուժերը կենտրոնացնում է աշխատանքի և դուստրերի՝ 17-ամյա Սանդեյ Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի ապագայի վրա՝ ընդգծելով, որ իր համար կարևոր է շարժվել դեպի լավը:

