Սաֆոլքի համալսարանի իրավաբանական կլինիկան ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող նոր հարթակ, որը նպատակ ունի պարզեցնել ամուսնալուծության դատական գործընթացները։ Նախագիծը, որը մշակվել է Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի հետ համատեղ, հնարավորություն է տալիս քաղաքացիներին ինքնուրույն և առանց սխալների լրացնել անհրաժեշտ իրավական փաստաթղթերը։
Դատարանի նախկին դատավոր և կլինիկայի տնօրեն Ջոն Քեյսիի խոսքով՝ այս նախաձեռնությունը լուծում է կարևորագույն խնդիր. բազմաթիվ քաղաքացիներ դատարան են վերադառնում միայն այն պատճառով, որ իրենց փաստաթղթերը թերի են կամ սխալ ձևակերպված։ Արհեստական բանականությունը ոչ միայն ավտոմատացնում է հաշվարկները, այլև ապահովում է, որ դրանք համապատասխանեն դատական խիստ պահանջներին, ինչը նվազեցնում է դատարանների վարչական ծանրաբեռնվածությունը և արագացնում գործերի ընթացքը։
Նախագծի հեղինակները շեշտում են, որ այս համակարգը կարող է կիրառվել ոչ միայն Մասաչուսեթսում, այլև աշխարհի այլ երկրներում՝ դառնալով մատչելի իրավական ծառայությունների կարևոր գործիք։ Ուսանողների կողմից մշակված այս գործիքը հնարավորություն է տալիս ցածր եկամուտ ունեցող անձանց խուսափել բարդ իրավական ընթացակարգերի հետ կապված խոչընդոտներից և նվազեցնել դատական ծախսերը։

