Նիկոլ Փաշինյանի ոճրագործ քաղաքականության մասին Սևան Ղազարյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Դուք հիշո՞ւմ եք Հայաստանի որևէ ղեկավարի, որ քրեական հետապնդման ենթարկի իր բոլոր գլխավոր հակառակորդներին։ Ասենք՝ Տեր-Պետրոսյանը կալանավորի Վազգեն Մանուկյանին, Քոչարյանը ազատությունից զրկի Դեմիրճյանին, Սարգսյանը բանտարկի Տեր-Պետրոսյանին։
Իհարկե Հայաստանի առաջին երեք ղեկավարները բնավ էլ ժողովրդավարության տիպար չէին։ «ժողովրդավարության տիպարը» Նիկոլ Փաշինյանն է, որի բոլոր գլխավոր ընդդիմախոսները կամ բանտում են հատնվել, կամ տնային կալանքի տակ կամ դատարանի դռներին։ Նախկին նախագահից ներկա քաղաքապետ, խոշոր գործարարից թեմակալ առաջնորդ։ Եվ այս ամենի «թագն ու պսակը»՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործն ու քաղաքական հետապնդումը։
Մի պահ մտածեք։ Պատմականորեն ավտորիտար լիդերը փորձում է լեգիտիմություն ստանալ նվաճումների միջոցով, մարմնավորել հաղթանակ ու կայունություն, խորհրդանշել կարգուկանոն ու անվտանգություն։ Ավտորիտար լիդերը ժողովրդին ասում է. «Ես պաշտպանում եմ ձեզ արտաքին աշխարհից»։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ավտորիտար գործիչը նվաճումներ չունի և գլխովին տապալել է պետական անվտանգությունը։ Այդպիսի ավտորիտարիզմը պարտությունը վերածում է գաղափարախոսության, խաղաղությունը՝ անձնատվության։
Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը դա մաքուր կոլաբորացիոնիզմ է՝ թշնամու օրակարգը սեփական ժողովրդին բռնի պարտադրելու, թշնամու ճշմարտությունը սեփական ժողովրդի վզին փաթաթելու ոճրագործ քաղաքականություն:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կոլաբորացիոն ռեժիմը պետք է կազմալուծվի։ Եվ այս ամռանը հայ ժողովուրդը իր խոսքը դեռ պետք է ասի…

