Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:
Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը: «Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է: Կառավարության ղեկավարը հավելել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գինեգործությունը բուռն զարգացում է ապրում և այդ բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է: «Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումը և «Կարաս» գինու թողարկումը ու, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ: Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը և Էռնեկյան ընտանիքին: Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և համոզված ենք, որ կշարունակի ունենալ:
Ավելին` primeminister.am