ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ, ինչի՞ մասին է խոսքը: Ընդհանրապես՝ այդ միջադեպի հետ կապված՝ կարո՞ղ եք բացատրել՝ ինձ ինչո՞ւմ են մեղադրում, ինչի՞ համար: Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, այդպես չեն դիմավորում: Խոսքը քաղաքացու մասին չէ, ուրիշ բանի մասին է: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, բա շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի՞, ի՞նչ եք կարծում: Բա էդ մաքսային մարմիններից, որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե համընդհանուր խնդրի համար քավության նոխազ դարձավ այդ աշխատակիցը՝ վարչապետն արձագանքեց.
«Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել, որ պետք է մտնեի էդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ՝ ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ:
Այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Կարող եմ ասել, որ դրանով արդեն այն իր նպատակին ծառայել է: Լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ, իսկ այդտեղ, ենթադրում եմ, լավ մասնագետներ պիտի աշխատեն: Ասում են՝ քաղաքացի, քաղաքացի… քաղաքացու մասին չի խոսքը, մինչև քաղաքացի լինելը մեր հայրենակիցը նախ՝ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է, ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, մնում եմ իմ կարծիքին, հարգում՝ մնացած բոլորի կարծիքը»,- ասաց ՀՀ վարչապետը: