fbpx
Մարզեր

Նման միջոցառումներով մենք կարող ենք աշխարհին պատմել մեր խորը արմատների մասին. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով փառատոնին։

Միջոցառումը նվիրված էր հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությանը։ Փառատոնի հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով, այնուհետև թագավորական հագուստով երիտասարդների ուղեկցությամբ ներկաները շրջեցին բերդի տարածքում, ծանոթացան արգելոցի պատմությանը, եղան միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտն ապահովող տաղավարներում։ Փառատոնի ընթացքում տեղի ունեցան նաև Լոռի բերդից պեղված գտածոների ցուցադրություն, բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես, արքունական տարազների ցուցադրություն։

Լրագրողների հետ զրույցում նախարար Սուրեն Պապիկյանը շեշտել է փառատոնի կարևորությունը և այն հսկայական օժանդակութունը, որ ունենում են նմանօրինակ միջոցառումները Հայաստանի խորն արմատների, մեր ավանդույթների մասին աշխարհին պատմելու գործում․ «Մենք նախկինում էլ եղել ենք զարգացած ու պետական ամուր ավանդություններով երկիր, ունեցել ենք հզոր թագավորություններ, պետականություններ, որոնք պիտի ներկայացվեն հանրությանը և ամբողջ աշխարհին։ Սա նախնական փորձերից է, որը, կարծում եմ, շարունակական կլինի և հիմք կհանդիսանա, որ հետագայում Հայաստանի այլ վայրերում նույնպես, վերակենդանացնենք միջնադարյան ամրոցները, քաղաքատեղիները»։ Նախարարի խոսքերով՝ սա նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրավելու և դեպի Հայաստան հոսքը մեծացնելու հնարավորություն է։

Խոսելով Լոռու բերդից ամրոց տանող հիմնանորոգված ճանապարհի մասին` Պապիկյանը նշել է, որ վերանորոգումն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում ճանապարհաշինական աշխատանքները լինելու են շարունակական. առաջիկայում կավարտվի Դենդրոպարկի ճանապարհի վերանորոգումը, իսկ գարնանը կմեկնարկեն Հաղպատի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ