Ինչպես երեկ տեղեկացրել էին քաղաքապետարանից՝ դեկտեմբերի 12-ից գիծ են դուրս գալու նոր ավտոբուսներով առաջին երթուղիները։
Այսպիսով՝ այսօր նոր ավտոբուսներով իրենց աշխատանքը սկսել են 3, 20, 97, 99 համարի ներհամայնքային երթուղիները։
Հիշեցնենք, որ կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել նոր ավտոբուսներից օգտվելիս․ պետք է ավտոբուս մուտք գործել առջևի դռնից և իջնել հետնամասի դռնից, պետք է ունենալ 100 դրամանոց մետաղադրամ և դրանով վճարել մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով՝ հենց երթևեկության սկզբում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են 3-րդ համարի երթուղու տակ գտնվող նոր ավտոբուսները դուրս գալիս գիծ։

