Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվեց Սիրիայի պատմության դասագրքերում

Հրապարակող՝

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Ամենադիտվածներ

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ:

Շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագետների հետ երկարատև նիստերից և քննարկումներից, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ:

20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական «Միություն և առաջադիմություն»(«Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաև 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար՝ գրքում իբրև օրինակներ hիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

«Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաև Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաև զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմության դասագրքերի միջոցով դասավանդվելու է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մյուս կողմից, աննախադեպ այս քայլով վերջապես վավերական և գիտական ձևով Սիրիայում աշակերտները պատմության դասաժամին տեղեկանալու են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին:

Այս մասին տեղեկանում ենք Հայերն այսօր կայքից:

Ամենաթարմ