fbpx
Հասարակություն

2023 թվականին կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը

2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 648 միլիարդ 453.5 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ սա 11.9 տոկոսով կամ 68.7 միլիարդ դրամով գերազանցում է 2022 թվականին նախարարությանը հատկացված բյուջեն:

««Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի մասով 2023 թվակականի համար նախատեսվել է 51 միլիարդ 296 միլիոն դրամ: 2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը՝ 2022 թվականի համար նախատեսված 9 միլիարդ 352 միլիոն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով»,- ասաց նախարարը:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում` խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված գումարի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Գյուղաբնակ, միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը կվճարվի նշված 2 գումարների հանրագումարի չափով:

Ինչ վերաբերում է նորածինների ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա 2023 թվականին այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 19 միլիարդ 897 միլիոն դրամ` 36024 նորածնի համար:

«Բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանն աջակցելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում գործող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրով նախատեսված շահառու ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն իրենց հիփոթեքային վարկերի մարման համար: Այս նպատակով 2022 թվականին հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ, իսկ 2023 թվականի համար ծախսերը կանխատեսվել են 1 միլիարդ 290 միլիոն դրամի չափով»,- հայտնեց Մկրտչյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ