ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 10,8 մլն դրամ է տրամադրվել՝ համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար:
Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Օլիմպիադային մասնակցում են 14-18 տարեկան համապատասխան գիտելիքներ ունեցող սաները: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:
Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում, բացի հիմնական մրցույթներից, անցկացվում են բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կազմակերպվում են այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ճանաչողական այցեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):