Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը և ընդգծել, որ ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ընդդիմադիր կուսակցությունների միջև որևէ համաձայնության չեն հանգեցրել։ Նա նշել է, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն է։ Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության խնդիր է, և Կարապետյանը, լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, ունակ է լուծել այդ խնդիրը։
Մինչ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ՀԱԿ-ը հայտարարել էր, որ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին վարչապետի իրենց թեկնածուն լինելու է Լևոն Զուրաբյանը։ Ի դեպ, Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նրա եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է: Նկատենք, որ տարիներ առաջ Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելով՝ փորձեց բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել։ Թե ինչով այն ավարտվեց՝ բոլորը հիշում են։ Հավանաբար խմբային շահերն ու արտաքին կապերն այնքան ուժեղ են ազդում քաղաքական գործընթացների վրա, որ անգամ ՀՀ նախկին նախագահներն ի վիճակի չեն այլ որոշում կայացնել։ Նման իրավիճակը հերթական անգամ ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին։

