Ալ․Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վստահ է, որ թատրոնի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու որոշումը քաղաքական չէ։ Ասում է՝ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին սխալ տեղեկություններ են տվել։ Լավատես է՝ խնդիրը կլուծվի։ Շատ ծրագրեր կան, դրանք կիսատ թողնել չի ուզում։ Իսկ բարձրացած աղմուկի համար անգամ շնորհակալ է․ թատրոնի համար մեծ PR էր։
«Չգիտեմ ինչու՝ Նազենի Ղարիբյանը որոշել է, որ իմ նշանակումը եղել է անօրինական։ Ասում են՝ կառավարության որոշմամբ Ձեզ նշանակել է Արմեն Ամիրյանը։ Ուրեմն` իրենք խնդիր ունեն կառավարության հետ, թող դատի տան կառավարությանը եւ դատարանը որոշի՝ օրինակա՞ն էր, թե՝ ոչ։ Իսկ իմ պայմանագիրը նախարարության հետ, ամեն դեպքում, օրինական է։ Ես չեմ խնդրել ինձ այս պաշտոնում նշանակել, դա իմ կյանքի նպատակը չէր։ Ես ընդամենը փորձել եմ փրկել իրավիճակը եւ ինչ-որ բան անել։ Ես Հայաստանից ոչ մի օր չեմ բացակայել առանց նախարարի հրամանի։ Ես չեմ գնում հանգստանալու կամ զբոսնելու, այլ՝ աշխատանքի բերումով»,-ասել է Օրբելյանը։
Նա նաև հավելեց, որ ակնհայտ է, որ Նազենի Ղարիբյանը ոչ լավ խորհրդականներ ունի։ Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է, կարող էին իրեն ազատել 9 ամիս առաջ։ «Նրանք ուզում էին, որ ես ինքս գնամ։ Իսկ ես չեմ գնա. ինչո՞ւ պիտի հանկարծ որոշեմ ու գնամ, թողնեմ կոլեկտիվին, ինչպե՞ս դա բացատրեմ նրանց»,-հավելեց նա։
Հայերենին չտիրապետելու մասին Օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ սովորում է հայերեն։ «Պետք է շատերին տխրեցնեմ՝ հայերեն ես հասկանում եմ ավելի շատ, քան՝ խոսում։ Ուղղակի չեմ ասում այս մասին, որ տեսնեմ, թե ինչ են խոսում թիկունքիս հետեւում»,-ասաց նա։
Օրբելյանը նաև նշեց, որ վարչապետը կնայի բոլոր 13 կետերը, որ Նազելի Ղարիբյանն իրեն ներկայացրել է։ Իրենք կսպասեն վարչապետի արձագանքին, հետո կհասկանան՝ ինչպես են աշխատելու։ «Շատ ծրագրեր կան, լուրջ բանակցություններ, նոր բեմադրություններ, չեմ ուզենա դրանք խզել ու ինչ-որ տեղ գնալ»,-եզրափակեց նա։
