Նա գիտի ինչպես դարձնել մեզ հաջողակ։ Այս մասին ասել է Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ մեկնաբանելով թիմի նորանշանակ մարզիչ Միկել Արտետայի աշխատանքը։
«Նա կարող է մեզ ցույց տալ այն ամենը, ինչ սովորել է երկար կարիերայի ընթացքում։ Արտետան հստակ գիտի, թե ինչ պետք է մենք անենք։ Նա գիտի՝ ինչպես տալ մեզ դրական տրամադրվածություն եւ դարձնել հաջողակ։ Ես տեսնում եմ, որ նա ձգտում է հաղթանակների, բայց նաեւ սառնասիրտ է։ Այդ ամենը մեզ թույլ կտա հասնել հաջողությունների»,-ասել է ֆուտբոլիստը։
Օզիլը նշել է , որ իրենք վերադառնում են «Արսենալ»-ի ավանդույթներին։
«Պայքար, գնդակի վերահսկում, խաղի մշտական վերահսկողություն․ սրանց վրա է նա աշխատում մեզ հետ։ Ամեն ինչ հրաշալի է, բոլորը ժպտում են, ծիծաղում են, վայելում են ակումբում անցկացրած ժամանակը։ Կարծում եմ՝ նա ճիշտ մարդ է այս ակումբի համար»,-ասել է Օզիլը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Արսենալը» հունվարի 18-ին կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»։ Անգլիական ակումբը 28 միավորով 10-րդ տեղում է։