Գիտակից հանրությանը հուզող կարեւոր հարցերից մեկն այն է, թե հայ ժողովուրդն ինչպես հասավ մի իրավիճակի, երբ եղած հանրային դիմադրությունն ուղղակիորեն անզոր դարձավ կանգնեցնել իշխող հանցավոր վարչախմբի գործողությունների չարաղետ ընթացքը։ Վաղարշապատի ընտրություններն առավել ամրապնդեցին այն տեսակետը, որ ներկա աշխարհում կացնային քարոզչության, ստվերային ընտրական տեխնոլոգիաների, պոպուլիզմի եւ խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խոստման միջոցով քաղաքականության մեջ հնարավոր է ստանալ ցանկացած արդյունք։ Նկատելի է, որ հանրային դիմադրության բազում օջախներն այնքան փոքր են, անմիաբան ու անզոր, որ ի վիճակի չեն ազդել տեղեկատվական դաշտն ու վարչական լծակներն իր ձեռքում պահող ներկա վարչախմբի կամքի վրա։
Երբեմն կարելի է լսել, որ նման վիճակի պատճառը հանրային ու պետական ինստիտուտների չկայացածվածությունն է։ Այլ դեպքերում շատ քաղաքացիներ նշում են հանրության դեգրադացիան որպես մի խնդիր, որը հնարավորություն է տալիս գործող վարչախմբին կեղծիքներ բանեցնել, ու տարբեր կիսաճշմարտություններ շրջանառելով՝ հանրությանը կառավարել։
Սակայն, հարկ է նկատել, որ հանրային ու պետական ինստիտուտները, որոնց առկայությամբ են շատերը պայմանավորում վարչախմբի դեմ պայքարի հաջողությունը, այնպիսի հանրային օրգանիզմներ չեն, որոնք ինքնին ծնվում ու զարգանում են։ Բոլոր երկրներում այդ ինստիտուտները ստեղծվում են կոնկրետ մարդկանց կողմից։ Իսկ դրանց կայացման գործում առավել ընդգծված են լինում տարբեր մարդկանց շարունակական ջանքերը։ Այսինքն, բացարձակ անհիմն է խոսել ինստիտուտների չգոյության մասին այն դեպքում, երբ դրա ետեւում մենք չենք տեսնում կոնկրետ մարդկանց։ Կայացած ինստիտուտների բացակայությունն իրականում հետեւանք է համապատասխան որակի ու կամքի տեր մարդկանց բացակայության։
Ահա այս տեսանկյունից ինստիտուտների թերի զարգացումը կամ չկայացվածությունն իր հերթին հանգում է հանրային դեգրադացիայի երեւույթին։ Հանրության մեջ գիտակից, առաքինի ու կամային քաղաքացիների քչությունը ուղղակիորեն ազդում է երկրում եղած քաղաքական իրավիճակի վրա։
Այս պատկերն ընդդիմադիր քաղաքական տարբեր շրջանակների առջեւ բարձրաձայնելիս անհամաձայնություններ գրեթե չեն լինում։ Սակայն, շատ գործիչների թվում է, թե ասվածն իրենց չի վերաբերում՝ վերաբերում է ուրիշներին։
Իրականում հանրային դեգրադացիայի ուղղակի վկայությունն է, երբ ընդդիմադիր գործիչները չեն գիտակցում իրենց անմիջական պատասխանատվությունը վարչախմբի կողմից հանրային գիտակցությունը մանիպուլացնել կարողանալու գործում։ Չեն գիտակցում նաեւ, որ իրենց անձնական արատներից է, երբ երկրում ստեղծված անմխիթար վիճակի մեղքը կարող են թողնել ուրիշների վրա՝ չտեսնելով, որ հենց իրենք են այն գործիչները, ովքեր դրա դեմը պետք է առնեին։ Ընդ որում, հանցավոր վարչախմբի դեմ պայքարի գործում նրանք պետք է ցուցաբերեին առավել կամք (անձնազոհություն)՝ ոչ թե գնային իրենց հարմարավետությունն այն չափով խաթարելու ճանապարհով, որ չափով ցուցաբերում են շատ ու շատ քաղաքացիներ։
Ինչպես ինստիտուտներն իրենք իրենց չեն կարող առողջանալ կամ կայանալ, այնպես էլ հանրությունն ինքն իրենով չի կարող առողջանալ կամ բարելավել իր արժեհամակարգը։ Դրա համար պետք են գիտակից, առաքինի ու կամային մարդիկ։ Ուզում են քաղաքական գործիչները դառնալ փոփոխությունների շարժիչը, իրենք պետք է փոխվեն՝ ընդունեն իրենց անմիջական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, գործեն միաբանությամբ ի շահ հանրության, ցուցաբերեն առավել մեծ անձնազոհություն եւ այլն։ Ուզում են նոր սերնդի անհատականությունները կամ երիտասարդները զբաղվել քաղաքական գործունեությամբ, ապա իրենք պետք է նույն կերպ աշխատեն իրենց անձերի ձեւավորման վրա։ Հանրային կյանքի առողջացման գործում հենց իրենք պետք է բռնեն սեփական պարանոցից ու դուրս քաշեն իրենց այն ճահճից, որի մեջ հայտնվել են բոլորը։ Մեր կործանարար ընթացքի դեմն առնող այլ սուբյեկտներ չեն կարող լինել, դա պետք է հասկանանք բոլորս։

