Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ ՄԻՊ պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվելու է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի գործողությունները համակարգող հանձնաժողովի առաջին առցանց նիստը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։
Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Հայաստանում խնդիրներ են առկա պացիենտների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Մենք խնդիրներ ենք արձանագրել ինչպես հոգեբուժարաններում, այնպես էլ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների պատշաճ հասանելիության հարցում։ Մասնավորապես, հոգեբուժարաններում առկա են դեպքեր, երբ պացիենտները բուժման համար իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ։ Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների պատշաճ մատուցման հարցում առկա են խնդիրներ՝ սկսած բուժսարքավորումների բացակայությունից վերջացրած շենքային պայմաններով ու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի խնդիրներով։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ու բուժծառայությունների անհասանելիությունը հատկապես մարզերում ևս խոչընդոտներ են ստեղծում մարդկանց առողջության պահպանման համար»,-բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը ծրագրի շրջանակում կարևորել է նաև բուժաշխատողների դերի բարձրացումը, աշխատանքի արժանապատիվ պայմանների ու սոցիալական երաշխիքների ամրագրումը։
Առցանց քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և ծրագրի ֆինանսավորման մեջ աջակցություն ունեցած դեսպանությունների ներկայացուցիչներ ՀՀ-ում։
Մարդու իրավունքների պաշտպանը և Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ծրագիրն իրականացնելու են 2020-2022 թվականներին։