fbpx
Աշխարհ

Պակիստանը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել Հնդկաստանի հետ լարվածությունը նվազեցնելու նպատակով

Փետրվարի 19-ին Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին՝ խնդրելով օգնել՝ նվազեցնելու լարվածությունը Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերություններում, որն սկսվել է Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի նահանգում փետրվարի 14-ին իրականացված ահաբեկչական գործողությունից հետո: Այս մասին հայտնում է The Economic Times թերթը:

Ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 45 մարդ, Հնդկաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ճգնաժամ է սկսվել: Նյու Դելին և Իսլամաբադն իրենց դեսպաններին հետ են կանչել խորհրդատվությունների համար: Միևնույն ժամանակ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանին մեղադրել են հարձակման համար պատասխանատու խմբավորմանն աջակցելու մեջ: Նրանք խոստացել են «հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցներով ապահովել Իսլամաբադի լիակատար միջազգային մեկուսացումը»:

Հնդկական կողմը հայտարարել է, որ ինքը գրոհին Պակիստանի մասնակցության ապացույցներ ունի, որը, իր հերթին, չի ընդունում այդ մեղադրանքները: «Ես կցանկանայի շտապ կարգով ձեր ուշադրությունը դարձնել մեր տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման վրա, որը հրահրվել է Հնդկաստանի կողմից Պակիստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքով: Չափազանց կարևոր է` քայլեր ձեռնարկել հակամարտության ապաԷսկալացման համար: ՄԱԿ-ը պետք է միջամտի, որպեսզի թուլացնի լարվածությունը», – գրված է նամակում:
Պակիստանի ԱԳ նախարարության ղեկավարը նշել է, որ «անհեթեթություն է նախքան հետաքննությունն սկսելն Իսլամաբադի վրա բարդել հարձակման պատասխանատվությունը»: Նա նաև կոչ է արել Հնդկաստանին՝ «բաց և վստահություն ներշնչող հետաքննություն անցկացնել»:
Փետրվարի 14-ին Ջամուի և Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ, այդ թվում`Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի զինծառայողներ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը` հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»),որը նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ