Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին:
«Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք»:
Հարցին՝ պարգևավճարների հետ կապված իր մոտ ի՞նչ հարցեր են առաջացել, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հանրային արձագանքը մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս և գտնում ենք, որ պարզաբանման կարիք կա: Պետք է պարգևատրման հարցը մանրամասն ուսումնասիրել, բացել խնդիրը: Մենք մի կողմից ասում ենք, որ կա օրենք և օրենքի շրջանակներում գործողություններ են արվում, բայց մյուս կողմից մենք ունենք հանրային մեծ արձագանք»:
Հարցին՝ ինչու՞ ժողովուրդն ընդդիմացավ օրենքով նախատեսված պարգեւավճարներին, Մակունցն ասաց, որ այդ հարցին ավելի ուշ՝ քննարկումից հետո կպատասխանի:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քննարկմանը նաև առաջ բերվի ՊԵԿ նախագահի փոփոխության հարցը, Լիլիթ Մակունցն ասաց. «Ցանկացած հարց, որ մենք բարձրաձայնում ենք, ինքնանպատակ չէ: Մենք, եթե ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ապա ուզում ենք, որ լուծում ստանա: Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, նման խնդիր այս պահին չենք դնում»:
Հիշեցնենք, որ Yerevan.today կայքը գրել էր, թե ՊԵԿ-ում մի քանի միլիոնների պարգևատրումներ են եղել: Օրինակ, ՊԵԿ ղեկավարը ստացել է 8 մլն դրամ, նրա տեղակալը՝ 9 մլն դրամ: Ավելի ուշ ՊԵԿ-ը հերքեց սույն տեղեկությունը, բայց պաշտոնական պարզաբանումը շատերին չի գոհացրել:
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ ՀԺ-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ Անանյանին հարցախեղդ են անելու: Ի դեպ, Անանյանը մինչև «Իմ քայլը» խմբակցություն գալն այս պահին հանդիպում է կամ արդեն վերջացրել է հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Աղբյուր ՝ armtimes.com

