Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Վայքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ ղեկավարությունն արգելել է գալ իր հետ հանդիպումների:
«Արա, դուք լրիվ առյուծի կաթ եք կերել… Ես ձեզ պաշտոնապես ասում եմ` էդ նախադասությունը իրենց լեզուներով պտտածները մինչև հուլիսի 15-ը կոմբինատում չեն աշխատելու: Դա ձեզ խոստանում եմ»,- ասաց նա` վստահեցնելով, որ բոլոր աշխատակիցներն իրենց ամբողջական աշխատավարձը ստանալու են: Փաշինյանը կոչ արեց մեկ ամսով արձակուրդի մեկնել ու վայելել քաղաքական ազատությունը:
Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է մասնավոր կազմակերպության աշխատակիցներին աշխատանքից ազատելու` ասելով հեշտությամբ: Նա խոսեց «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Վահե Հակոբյանի մասին` պնդելով, որ հիշում է 2018-ին իր կաբինետում նրա ոտքերի ու ձեռքերի դողը և հավելեց` այդ դողը շուտով վերադառնալու է ու համակելու է քո ձեռքերն ու ոտքերը:
Փաշինյանը հայտնեց, որ կոմբինատի սեփականատերերին զգուշացրել է` աշխատողների վրա քաղաքական ազդեցություն լծակներ չպետք է գործադրվեն:
«Բայց ես ասում եմ` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, էս ամբիոնից ասում եմ` տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը»,- ասաց նա: