ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի դեպքում։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նախարարի պաշտոնը հայեցողական է և վարչապետը նախարարին ազատում կամ նշանակում է իր հայեցողությամբ։
«Նախարարի պաշտոնը հայեցողական է և սրանով շատ բան ասվում է։ Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները։ Հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն՝ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու շարժառիթին, ՀՀ վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տվել և ցույց տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է։
«Այս առումով կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ասաց Փաշինյանը։