Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը կարևորագույն խնդիր է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետն իր տեսաուղերձում․
«Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, և ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք։
Հաջորդ կարեւորագույն խնդիրը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով շատ դժվար և ծանր է ներկայացնել, հենց թեկուզ բառապաշարի մանրամասների իմաստով, բայց, մյուս կողմից, գիտեմ, որ հանրությունն ունի պատասխանների կարիք։ Այնպես որ, նախապես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար։ Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում: Մյուս կողմից, Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում:
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: ԵՎ ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետևյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է: Բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել է եւ հարազատներին է հանձնվել 135 մարմին, և այս գործընթացը կշարունակվի: Ցավում եմ շատ, էլի ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այսպես խոսում եմ, սա շատ դժվար է, բայց ստիպված եմ, էլի եմ ուզում ասել, որովհետև հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2090036464465888