Վարչապետ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Մտքերի հայկական գագաթնաժողովում

Հրապարակող՝

Վարչապետ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Մտքերի հայկական գագաթնաժողովում

Այսօր Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։ Գագաթնաժողովի գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը։ Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Գագաթնաժողովի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է եկել ելույթով։ Ելույթն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Դիլիջանում և ողջունում եմ նաև այն, որ, չնայած համաճարակային իրավիճակին, որոշում է կայացվել, այնուամենայնիվ, անցկացնել։ Դուք գիտեք, որ նախորդ տարի տեղի չունեցավ այս միջոցառումը, և շատ կարևոր է, որ, այնուամենայնիվ, նման հանդիպումները, քննարկումները տեղի ունենան, մտքերի փոխանակում և մտքի նոր գեներացիա տեղի ունենա՝ մանավանդ այս բարդ և կարևոր ժամանակաշրջանում։

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։

Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։

Այդ առումով կարծում եմ, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։ Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։

Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ, պարոն նախագահ, այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք այս կարևոր իրադարձությունը կազմակերպել և մասնակցել առանց դիմակների։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, այս իրադարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի, և հետևաբար, ավելի կառավարելի լինեն։ Հաջողություն եմ մաղթում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» աշխատանքներին և արդյունավետ ընթացք եմ ցանկանում։

Շնորհակալ եմ», – ասել է վարչապետն իր ելույթում։

Նշվում է, որ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը:

Ամենաթարմ