Հասարակություն

Շուշիի վերաբերյալ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել է ու այն այժմ ադրբեջանական մամուլի գլխագրերում է․ Infocheck

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․

«Երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրեր տարածվեցին։ Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին.

«Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»:

Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում է։

Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է։

ՀՀ վարչապետը, անդրադառնալով պատգամավորի այն հարցադրմանը, ըստ որի ՌԴ նախագահի հոկտեմբերի 18-ի առաջարկին համաձայնելու դեպքում «Շուշին կմնար հայկական», ասաց․

«Ես ուզում եմ ասել հետևյալը, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։
Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։ Նաև ասում եք, թե հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ապա ձևակերպեք»։

Այսպիսով ՀՀ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե նրան, որ Շուշին «ադրբեջանական քաղաք» է, այլ նրան, որ տարիներ շարունակ քննարկված տարբերակների արդյունքում և պատերազմում հոկտեմբերի 18-ի դրությամբ ստեղծված իրադրության հետևանքով այնտեղ միևնույն է վերականգնվելու էր խորհրդային, ոչ թե նախախորհրդային շրջանի ժողովրդագրական պատկերը, և բնակչության մեծամասնությունը կազմելու էին ադրբեջանցիները։

Շուշիի բնակչությունը նախախորհրդային և խորհրդային տարիներին

1897 թվականի Ռուսաստանի կայսրության բնակչության առաջին մարդահամարի համաձայն Շուշի քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 881 մարդ:

Բնակիչներից 14 420-ը հայեր էին, թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը՝ 10,778:

Բացի հայերից ու թաթարներից ապրում էին նաև ռուսներ, լեհեր, մոլդովացիներ, ռումինացիներ, վրացիներ, գերմանացիներ, պարսիկներ և հրեաներ։

Խորհրդային միության տարիներին՝ 1926-ի առաջին մարդահամարի տվյալներով, Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5104, որից 4900-ը ադրբեջանցիներ էին, 93-ը՝ հայ և 9-ը՝ ռուս։

1979 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության թիվը կազմում էր 10784։

Ադրբեջանցիները 9216-ն էին, հայերը՝ 1409-ը և մնացածը այլազգիներ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ