Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
- Փաշինյանի այցը Վրաստան ավարտվեց․ նրան ճանապարհեց Ղարիբաշվիլին
- Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի 20-րդ նիստի անցկացումը և հաջող ընթացք մաղթել հանձնաժողովի աշխատանքներին:
ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել. Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ», – ասված է տարածված պաշտոնական հաղորդագրությունում: