Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

Հրապարակող՝

Երբեք չէի պատկերացնում, որ կսիրահարվեմ Ֆիորենտինային առաջին հայացքից. Ռիբերի

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կողմից 2019 թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:

Վարչապետի խոսքով՝ առաքելությունը հարգանքի տուրք է Սիրիայի ժողովրդին, որն ապաստան է տվել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և որի հետ հայ ժողովրդին միավորում են պատմական սերտ կապերը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է լավագույն ջանքերը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ:

ՀՀ-ում Սիրիայի դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ճգնաժամի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Սիրիայի կառավարությունը շատ բարձր է գնահատում ՀՀ մարդասիրական առաքելությունը:

Նա ընդգծել է, որ դա վկայում է երկու երկրների ամուր բարեկամության մասին և հարատև զարգացում, հաջողություններ մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում ընթացիկ զարգացումների և հումանիտար իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ