Մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հայտնի դարձավ, որ զրահամեքենաներ արտադրող Streit Group ընկերությունը փորձում է արտադրություն կազմակերպել Հայաստանում, սակայն կան խանգարողներ:
Մասնավորապես՝ նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, դիմելով ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանին, նշում է․ «Streit Group ընկերությունը մեկ տարի է փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել և ինչ-որ մարդիկ խանգարում են»:
Հատկանշական է, որ Streit Group ընկերությունը հայտնվել է զենքի ապօրինի տեղափոխման/վաճառքի պատմություններում:
Streit Group-ը հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներում 2012-ին՝ սպառազինության վաճառքի արգելանքի խախտմամբ՝ Լիբիայի ներքին գործերի նախարարությանը ԱՄԷ-ից զրահամեքենաներ մատակարարելու համար: Նշենք, որ չնայած դրան՝ Streit Group-ը ունեցել է ԱՄԷ իշխանությունների թույլտվությունը:
ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ զեկույցից էլ պարզ է դառնում, որ Streit Group-ը զրահամեքենաներ է փոխանցել ռուսաստանյան «ԿամԱզ» ընկերությանը՝ որպես վերջնական օգտագործողի՝ իմանալով, որ տեխնիկան իրականում մատակարարվում է Սուդան: Ըստ էության՝ Streit Group-ը «ԿամԱԶ»-ի միջնորդությամբ զարտուղի ճանապարհով զրահամեքենաներ է մատակարարել Սուդանին:
Նշենք, որ երեկ այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ այս և այլ հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։
Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից։