ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։
«Պատիվ ունեմ» ծրագրով բարձրագույն կրթություն ստացող և ծառայության ենթակա տղաները նախապես պայմանագիր են կնքում Պաշտպանության նախարարության հետ, ինչով պարտավորվում են կրթություն ստանալուց հետո ծառայության մեկնել որպես սպա։ Սրա դիմաց նախարարությունը միջնորդում է, որպեսզի այդ տղաները տարկետում ստանան բուհում ուսումնառության ամբողջ ժամկետի համար։
Ավելին, նախարարությունն այդ ընթացքում վճարում է նաև այդ պայմանագիրը կնքած տղաների ուսման վարձը։ Իսկ բուհն ավարտելուց հետո սպայական ծառայություն անցնելիս տղաները ստանում են ոչ միայն սպայական աշխատավարձ, այլև այն բոլոր արտոնությունները, որ ունեն զինվորականները (սոցիալական ապահովության մի շարք ծրագրեր)։