Պաղեստինյան պաշտոնական անձինք չեն մասնակցի Բահրեյնում ԱՄՆ ղեկավարությամբ անցկացվող կոնֆերանսին։ Այն նպատակ ունի ներդրումներ գտնելու Արևմտյան ափի ևԳազայի հատվածի համար։
«Պաղեստինյան մասնակցություն «Մանամա» կոնֆերանսին չի լինելու»,- Reuters-ին ասել է Պաղեստինի սոցիալական զարգացման նախարար Ահմեդ Մաջալանին, որը նաև Պաղեստինի Ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է։
«Ցանկացած պաղեստինցի, որը կմասնակցի դրան, ոչ այլ ոք է, քան ամերիկացիների ու Իսրայելի կոլաբորացիոնիստ»։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կներկայացնի Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման իր երկար սպասված նախագծի առաջին փուլը հունիսին կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսում։ Պլանը, որը մշակվել է երկու տարի, նախատեսում է խոշոր ծավալի ներդրումային և ենթակառուցվածքային աշխատանքներ պաղեստինյան տարածքում։ Սակայն կարևոր քաղաքական տարրերը դեռ հայտնի չեն։ Տնտեսական կոնֆերանսը տեղի կունենա հունիսի 25-26-ին Բահրեյնում և նվիրված չի լինի հակամարտության ամենավիճելի հարցերին՝ սահմաններ, Երուսաղեմի կարգավիճակ, պաղեստինցի փախստականներ և Իսրայելի անվտանգություն։