Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի փողոցի տներից մեկում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։
Ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։
Ոստիկանները վնասազերծում են տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։
Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել դիրքերից։ Նախաձեռնվել է վարույթ։
Ինչպես հաղորդում է սկզբնաղբյուրը՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։

