fbpx
Իրավական

35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «ՎԱԶ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք:

2022 թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին մահացել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ