Աֆղանստանի Փարվանի նահանգի Սալանգի լեռնանցքի թունելից 83 մարդու մարմին են դուրս բերել. թունելում դեկտեմբերի 18-ին բենզատար էր պայթել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասին չի հաջողվում նույնականացնել սաստիկ այրվածքների պատճառով։ Այս պահին թունելից դուրս է բերվել ամբողջությամբ այրված գրեթե 40 ավտոմեքենա։ Չնայած պայթյունի հետևանքների չեզոքացման գործում ներգրավված փրկարարական խմբերի թիվն ավելացվել է, սակայն թունելի մաքրման աշխատանքները դանդաղ են ընթանում։
Hasht e Subh թերթի աղբյուրները նշում են, որ Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչները նվազեցնում են ողբերգության մասշտաբները։ Բացի պայթած բենզատարից, թունելում բռնկվել են մի քանի ածխատար մեքենաներ, ինչը հանգեցրել Է զոհերի թիվի ավելացման:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով 18:00-ին), երբ բենզատարը շրջվել է և բռնկվել: Հրդեհը հաջողվել Է տեղայնացվել միայն դեկտեմբերի 19-ի ժամը 08:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07:30-ին): Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում գտնվող բարձրլեռնային թունելում ավտոցիստեռնի բռնկման հետևանքով 31 մարդ է մահացել, ևս 37-ը՝ վիրավորվել: