Մշակույթ
21:30 19/06/2020

Պեդրո Ալմոդովար. արտասովոր կինոռեժիսոր

Պեդրո Ալմոդովարը իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող է։ Նա մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Մասնակցելով տարբեր երկրների փառատոնների` մոտ 90 կինոմրցանակ է ստացել։

Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է ուրիշ քաղաք՝ Էստրեմադուր, այնուհետև  16 տարեկան հասակում առանց ընտանիքի տեղափոխվում է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի Տելեֆոնիկա ընկերությունում։ Դառնում է Los Goliardos թատրոնի խմբի անդամ։

Ալմոդովարը խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ։ Հետագայում Կարմենը նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում։ Ռեժիսորը ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ։ Նաև գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են։

1980 թ. Պեդրո Ալմոդովարը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները» (Pepi, Luci, Bom u Otras Chicas del Montón)։ Ֆիլմի հիմքում իր իսկ գրած նովելն է, որը նա գրել էր El Víbora լրագրի պատվերով։ Գլխավոր դերերից մեկում խաղում է Կարմեն Մաուրան։ Այն մի աղջկա մասին է, որը պատրաստվում է վրեժ լուծել այն ոստիկանից, որը նրան բռնաբարել է:

Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում՝ դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը։ Այն գրեթե 4 տարի գիշերային սեանսներին է ցուցադրվել՝ այդ ժամանակներում արգելված թեմաներ շոշափելու պատճառով։

Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սրան արժանացել» (What Have I Done to Deserve This?) 1984թ. ֆիլմի համար։ Նյու Յորք Թայմս թերթը ֆիլմը անվանում է հրաշալի սև կատակերգություն և փոքր գլուխգործոց։

Համաշխարհային ճանաչում Պեդրոն ձեռք է բերում  «Կանայք նյարդային պոռթկման եզրին» (Mujeres al borde de un ataque de nervios) ֆիլմից հետո, որը 1989 թ. արժանանում է Գոյա մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Ֆիլմը նոմինացվեց նաև Օսկարի: Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում էր ռեժիսորի սիրելի Անտոնիո Բանդերասը, որի հետ նա դեռ շատ է համագործակցում ապագայում:

2002 թ. Ալմոդովարի բազմաթիվ մրցանակներին ավելացավ ևս մեկը՝ «Խոսիր նրա հետ» (Hable con ella) ֆիլմը։ Այն արժանանում է Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

Ֆիլմը կոմայի մեջ գտնվող երկու կանանց մասին է և նրանց սիրելի երկու տղամարդկանց, որոնք ընկերանում են՝ կիսելով նույն ցավը։ Ֆիլմը շոշափում է շատ կարևոր թեմաներ. սեփական մարմնի կառավարում և անձնական սահմանների խախտում, կյանքի և մահի միջև ընկած սահմանը, սիրո տարբեր տեսակները և արտահայտումները, մոլուցքներ և հոգեվերլուծություն։

Ֆիլմի տեսարաններից մեկը նաև հիանալիորեն ներկայացնում է k.d. Lang-ի Hain’t it Funny? երգը։

Ալմոդովարի հիանալի ֆիլմերից մեկն է նաև Պենելոպե Քրուզի գլխավոր մասնակցությամբ 2006 թ. «Վերադարձ» (Volver) ֆիլմը:
 Ի դեպ Պենելոպեն Պեդրոյի ամենասիրելի դերասանուհիներից մեկն է, մուսան, որի հետ ռեժիսորը բազմիցս համագործակցել է և կշարունակի համագործակցել: Հարցազրույցներից մեկի ժամանակ Պեդրոն խոստովանել է, որ Քրուզը միակ կինն է, որից նա մեծ հաճույքով երեխա կունենար:

Քրուզից բացի Ալմոդովարը շատ է սիրում աշխատել նաև Անտոնիո Բանդերասի և Խավիեր Բարդեմի հետ:

2011 թ. Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» (La piel que habito) ֆիլմը՝ Անտոնիո Բանդերասի և Ելենա Անայայի մասնակցությամբ, ևս մեծ հաջողության է հասնում։

Այն վիրաբույժի մասին է, որը բացահայտել է մաշկի ստեղծման գաղտնիքը և այժմ փորձարկում է այն: Ֆիլմը նաև վրեժի, սահմանների, ազատության և սիրո մասին է։

Ալմոդվարարը նկարագրել է ֆիլմը որպես սարսափելի պատմություն ՝ առանց գոռգոռոցների և վախերի։

2013 թ. Պեդրոն նկարահանում է «Ես շատ գրգռված եմ» (Los amantes pasajeros) ֆիլմը, որը չնայած տարօրինակ անվանմանը ինքնաթիռի վթարի մասին է:

2019 թ. Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակում Ալմոդովարը ցուցադրեց իր վերջին աղմկահարույց «Ցավ և փառք» (Dolor y gloria) ֆիլմը: Գլխավոր դերում Ալմոդովարի հավատարիմ ընկեր և սիրելի դերասան Անտոնիո Բանդերասն է, որը ճանաչվեց «Լավագույն դերասան»:

Բանդերասի հերոսը կինոռեժիսոր է, որի կյանքում խորը ճգնաժամային շրջան է։ Նա անդադար մտովի տեղափոխվում է մանկություն և հիշում է իր անցած ուղին, որը նրան բերեց այնտեղ, որտեղ նա այսօր է: Մոր հանդեպ ջերմ զգացմունքները, բաժանումը, ցավը, հաջողության ձգտումները, որոնք ստիպեցին հերոսին բռնել պանդխտության ուղին, երջանկության որոնումները՝ այս հիշողությունները հանգիստ չեն տալիս նրան: Դրանք, իհարկե, հաճելի են, բայց միևնույն ժամանակ մեծ ցավ են բերում։

«Ցավով և փառքով» վարպետն ավարտում է իր կյանքի որոշ դրվագները մերկացնող եռագրությունը, որը մեկնարկել էր «Ցանկության օրենք» ֆիլմով 1987թ.,

որին հաջորդում է «Վատ դաստիարակությունը» 2004թ.,

և որը եզրափակվում է «Ցավով և փառքով»:

Պեդրո Ալմոդովարը իսկապես տարբեվող ձեռագիր ունեցող ռեժիսոր է։ Նրա բոլոր ֆիլմերում երևում են նրա խենթ, հանճար և արտասովոր լինելը։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ