fbpx
Աշխարհ

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին կմասնակցի շուրջ 40 երկրի ղեկավար

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովին, որը ապրիլի 25-27-ը տեղի կունենա Պեկինում, կմասնակցեն գրեթե 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Այս մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը տեղի կունենա Պեկինում ապրիլի 25-27-ը․ այն այս տարվա գլխավոր միջազգային միջոցառումը կդառնա Չինաստանում: Համաժողովի աշխատանքին կմասնակցի պետությունների ու կառավարությունների 37 ղեկավար»,- ասել է Վան Ին: Նրա խոսքով՝ համաժողովի աշխատանքին կմասնակցեն նաև Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Համաժողովի բոլոր միջոցառումները նախագահելու է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը, որը ճառով հանդես կգա համաժողովի բացմանը, ինչպես նաև կամփոփի դրա արդյունքները:

Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ այս տարի համաժողովին կժամանեն նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխիայի, Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մոնղոլիայի, Ֆիլիպինների, Սերբիայի, Սինգապուրի, Տաջիկստանի, Թաիլանդի, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները:

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին: Դրան մասնակցել են 29 պետության ու կառավարության ղեկավարներ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն է գոյություն ունեցող առևտրափոխադրական միջանցքների կատարելագործման և նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի 60-ից ավելի երկիր, ինչը կոչված է նպաստել նրանց և Չինաստանի միջև առևտրական հարաբերությունների զարգացմանը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ